ԱՍԱ ԱՉՔԵՐԻՍ

- Ասա աչքերս ինչի՞ են նման
Աչքերդ 8560 հատ հունիսի են նման
Աչքերդ նման են 8560 մեգաֆոնից արձակված լռության
Աչքերդ երկու բուռ ջրի են նման
Աչքերդ երկու սև նարնջով նատյուրմորտի են նման
Աչքերդ օձ բռնելու համար նախատեսված երկպոզանի ձողի են նման
Աչքերդ նման են սև ներկած եղունգների
Երբ որ թարթում ես
Աչքերդ նման են դիսկոտեկների թրթռացող լույսերին
Երբ որ չես թարթում
Էդքան էլ նման չեն
Աչքերդ իմ սիրած կինոթատրոնն են
Մանավանդ երբ դիմացը կապիկություններ եմ անում
Ու աչքերիդ խորքում տեսնում իմ աչքերի արտացոլքը
Որոնցում արտացոլված են քո պատասխան կապիկությունները
Երբ որ ծիծաղում ես
Աչքերդ նմանվում են Դոն Կիխոտին հիմարացրած հողմաղացին
Երբ որ ծիծաղում ես
Աչքերդ գմփգմփացող սապոնի պղպջակների են նման
Երբ որ աչքերով ֆլիրտ ես անում
Աչքերդ նմանվում են կիսատ իջեցրած տրուսիկի
Երբ որ լացում ես
Աչքերդ նման են Հիսուսի երկու ծակ ձեռքերին
Երբ որ լացում ես
Աչքերդ նման են փշրված ջերմաչափից հոսող սնդիկի
Երբ որ լացում ես
Աչքերդ ջարդված ակվարիումի ծակից հոսող ոսկե ձկնիկների են նման
Երբ աչքերդ ես սրբում
Էդ ոսկե ձկնիկներն ինչ ցանկություն ասես
Որ չեն կատարում

 

 

Փետրվարի 8, 2005
Անուշ Կարենինային
Կարեն Ղարսլյան
Երևան

: դեպի պոեզիա 9