Ամերիկանիզմներ

Դու ինձ հա հիշացնում ես ամրագոտին կապելու մասին
Ամեն անգամ մեքենայով ինձ դես ու դեն փոխադրելուց

Գիտեմ
Դու ուղղակի չես ուզում մենթերի հետ գլուխ դնես

Բայց մեկ ա
Էդ հուշումները էնքան գոտեպնդիչ են
Սեփական անվտանգությունը աչքաթող արած իմ նման մեկի համար

Ամեն անգամ ինձ տեսնելուց հա հարցնում ես
Թե ոնց եմ

Գիտեմ
Իմ մրմնջոցին ուղղված քո պատասխանը
Հերթական ավտոմատացված մի հատ ժպիտ ա

Բայց մեկ ա
Գեղեցիկ ժպիտդ տեսնելը շատ ա մխիթարում
Եթե ոչ ամբողջ աշխարհը
Գեղեցկությունը փրկում ա իմ աշխարհը

Դու հա ասում ես որ չափից շատ եմ քֆրտում

Գիտեմ
Դու ուղղակի ատում ես էդ բառերի հնչյունաբանությունը

Բայց մեկ ա
Դու ինձ օգնում ես մտածել որ կյանքն էնքան էլ վատը չի

Դու անընդհատ խնդրում ես որ քո համար սիգարետ փաթաթեմ
Երբ առաջին անգամ հարցրի դեմ չե՞ս
Թղթի եզրը պիտի լզեմ որ կպնի

Դու գլուխդ տարուբերիր ու ասիր որ
Դա կհզորացնի իմունալ համակարգդ

Գիտեմ
Առողջապահությունը քո մոտ առաջին տեղում ա

Բայց մեկ ա
Ես ուրախ եմ որ դու ինձ չդրիր հերթական մանրէի տեղ

Դու ինձ հա հիշացնում ես որ ապահովիչ ա պետք հագնել
Երբ բանը ոսկորին ա հասնում

Գիտեմ
Դու պարզապես ապահով սեքս ես նախընտրել

Բայց մեկ ա
Քաջալերվում եմ էն մտքից
Որ ինձ ես նախընտրել նախընտրությունդ իրագործելու համար

Դու ամեն անգամ շնորհակալություն ես հայտնում
Յուրաքանչյուր կենակցումից հետո

Չնայած մոտս նենց տպավորություն ա ստեղծվում
Թե բարձրակարգ մթերային խանութից մի կիլո սեքս եմ առել

Բայց մեկ ա
Սփոփվում եմ գիտությամբ
Որ բարի ժամանց ես վայելել

Դու ինձ մի անգամ ասիր որ եթե կյանքում ոչ մի տող էլ գրած չլինեի
Չէի դադարի պոետ լինելուց

Գիտեմ
Դու պարզապես փորձում էիր ինձ սիրտ տալ
Գրողական «հրադադարի» ընթացքում

Բայց մեկ ա
Ինձ հանկարծ թվաց գրածս տողերից
Ոչ մեկն ինձ պոետ չէր դարձրել

Դա հաջողվեց քո խոսքերին
Գոնե մի ակնթարթով

 

 

© Կարեն Ղարսլյան, դեկտեմբեր 5, 2005, Լոս Անջելես
 English

 Serbian