ԻՆՉ ԿԱ ՉԿԱ

(Նամակ Վահան Իշխանյանին)


Աստված իմ, ես կարող էի փակվել
ընկույզի կեղևի մեջ ու ինձ համարել
անսահման տիեզերքի արքա…

Վ.Շեքսպիր, «Համլեթ»

Ինձնից այլևս չեն հարցնում «Երևանում ինչ կա կա»: Ենթադրում են, թե իմացածիս ժամկետն անցել է. մեկ ու կես տարին կատակ բան չէ: Հուսով եմ, որ իրավացի են:

Թե ինչքան կմնամ Լոս Անջելեսում, որն է կամ երբ է լինելու հաջորդ հանգրվանս, գիտեմ նույնքան, ինչքան Պողոս-Պետրոսը: Թեև կենսամակարդակս արդեն տանելի է, բայց «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձևը լուծում չի տալիս իմ հավասարմանը: Ավելի քան հացի, ընկել եմ ինքս իմ հետևից` ճահճակրակի պես անորսալի: Հայաստանում տուն-տեղ, աշխատանք, դասախոսական, գիտական, գրողական կարիերա, ընկեր ու սեր եմ թողել: Նախընտրել եմ 0-ն:

Եթե հիշում ես, նախանպատակս «Password» վեպը հրատարակելու համար ԱՄՆ-ում ամեն գնով անհրաժեշտ գումար աշխատելն էր: Երկրորդը, որն ավելի էի կարևորում, քան հրատարակումը, այլ միջավայրում այլ աչքերով ինձ ու ստեղծագործությունս տնտղելն էր: Ինչ վերաբերում է առաջին խնդրին, Երևանում բավարար գումար հայթայթելն անհավանական չէր: Բայց երկրորդ հարցում միակ բանը, որով Հայաստանն ինձ կարող էր օգտակար լինել, ելքի վիզայի տրամադրումն էր: Քթիցս բերեց, բայց վերջը տվեց առանց կաշառքի:

Դեռ Երևանում, մինչև ԱՄՆ ժամանելը, պատկերացնում էի, թե ինչպես եմ UCLA-ի գիտաժողովում ելույթ ունենալուց հետո հյուրանոցից դուրս գրվում ու Երևան վերադառնալու փոխարեն… Վրայիցս պոկում եմ խնամքով արդուկված սև կոստյումս, սպիտակ վերնաշապիկս, գծավոր փողկապս, փայլփլուն սև կոշիկներս ու ճռճռան գիտական կոչումս, ապա քըռչուփալաս հագած` գնում շինարարության վրա աշխատելու: Գրեթե այդպես էլ եղավ, այն տարբերությամբ, որ շինարարական աշխատանք չէի կարողանում գտնել, առհասարակ որևէ աշխատանք:

Մեկ ու կես տարվա իմ ամերիկյան կյանքը կարելի է բաժանել երեք հիմնական փուլի, որոնք պայմանականորեն անվանում եմ ա) ՉԹՕ; բ) Ալիգիերի; գ) գժԱՄՆոց:

Երբ հարմարավետ հյուրանոցից դուրս գրվելուց հետո ճամպրուկս ձեռքիս հայտնվեցի բացարձակապես անծանոթ Հոլիվուդի փողոցներում, ինձ թվաց, թե գտնվում եմ մի նոր մոլորակի վրա: Լուռ դիտում էի ու փորձում գտնել ինձ համար նախատեսված թափուր տեղը: Ճիշտ է, թափուր տեղի տակ նախ և առաջ ենթադրվում էր որևէ աշխատանք, որ սովահար չլինեմ: Եվ երբ մեկ ամիս դես ու դեն սոված-ծարավ թափառելուց հետո վերջապես տեղավորվեցի սպասածիցս ավելի տանելի աշխատանքի` բենզալցակայանի խանութի վաճառող, ուշադրությունս տարրական գոյատևման խնդիրներից շեղվեց դեպի իմ ուզածը` այլ մշակույթի ու այլ հասարակության կենսաոճի անմիջական ուսումնասիրումը: Իմ դասախոսներն ու փորձարարական ճագարները ամենօրյա հաճախորդներս էին` անօրինական գաղթականները ու ամբարտավան միջին խավի ներկայացուցիչները, բազմազավակ մեքսիկներն ու Վիետնամի պատերազմի խախտված վետերանները, անտուն սևականներն ու դերասան դառնալու մոլուցքով աշխարհի բոլոր ծայրերից Հոլիվուդ քշվածները, համասեռականներն ու տրանսվեստիտները, պոռնիկներն ու կավատները, գանգստերները` ամենը յուրահատուկ հումորի զգացումով ու խառնվածքով, հագուկապով ու աշխարհայացքով, կենսաոճով ու սանրվածքներով. իսկական տոն զգայարաններիս համար: Վայելում էի Այլը, Այլի անկրկնելի կերպարանափոխությունները: Ինչպե՞ս և մինչև ո՞ւր է հնարավոր ապրել այլ կերպ, գործել այլ կերպ, մտածել այլ կերպ:

Թեև Լոս Անջելեսում էի, բայց հայերի հետ շփումս նվազագույն էր: Ոչ էլ ձգտում էի հայրենակից ճարել: Վայելում էի մի քանի հազար մղոն շառավղով որևէ ազգական կամ ընկեր չունենալու գերագույն հաճույքը: Հիանալի փորձություն էր վերջապես տեսնելու, թե ինքս ինչի եմ ընդունակ, ինչի եմ արժանի ու ինչ նվաճումների կարող եմ հավակնել սեփական ուժերով:

Ժամանումիցս 6 ամիս անց գնացքով նախաձեռնեցի մեկամսյա ճանապարհորդություն Ամերիկայով մեկ: Արկածախնդրությանս պատճառով կորցրեցի աշխատանքս, բայց թքած ունեի. ագահությանս թիրախը ոչ թե փողն էր, այլ կենսափորձը:

Ճանապարհորդությունից վերադարձա Լոս տպավորություններով լի, դատարկ գրպաններով, անաշխատանք ու 90-ականներին վերապրածս կրկնելու պատրաստակամությամբ: Մոտ երեք ամիս մաքառեցի ծայրահեղ չքավորության պայմաններում, ճաշակեցի կյանքը սահմանային իրադրություններում ու վերստին ծանոթացա ինքս ինձ հետ: Որոշ մարդիկ ջանացին աջակցել ինձ, որոշ մարդիկ երես թեքեցին: Իսկ ես անսահման հաճույք էի ստանում` հերթական վեպիս համար ճգնաժամի պտղատու ծառից առատ ու հյութեղ նյութ քաղելով:

Հիմա շատ ավելի տանելի աշխատանք ունեմ, եկամտովս էլ էշը ցեխից մի կերպ հանում եմ: Արդեն սովոր եմ ամերիկյան միջավայրին, առօրյային, անկաշկանդ նիստուկացին, հանդուրժողականությանը (որը համարում եմ սոցիալական համակեցության և հոգեկան հավասարակշռության օդն ու ջուրը): Ես ինձ հարգված եմ զգում գրեթե բոլոր ինձ չճանաչողների կողմից: Ու այնքան թեթևացած եմ զգում, որ դա իմ անձնական նվաճումը չէ:

Հիշում ե՞ս, որ մի օր ԱրմենիաՆաուի ծխարանում նստած բամբասում ու զարմանում էինք, թե հանուն այլի որոնումների Հայաստանը լքած մարդիկ, արվեստագետները ոնց են հավես անում արտասահմանում` չմոռնալով այն զզվանքն ու ատելությունը, որ վճռորոշ էին լքելու համար, նորից ընկղմվել հայկական համայնքներ ու շարունակել ապրել հայկական զարկերակով ու տառապել հայկական առիթմիայով: Ակնհայտորեն ոչ ես ունեի պանդխտության բավական փորձ, ոչ դու: Խնձորենին, որ Բանգլադեշ թաղամասից տանես Բանգլադեշ պետությունում տնկես, կոկոս չի տա: (Գոնե մոտ ապագայում): Ես հետզհետե ներքաշվեցի տեղի հայերի առօրյայի մեջ: Ընկերական շրջապատս ընդարձակվեց հայերի հաշվին: Բայց ընկերացա ոչ թե որովհետև հայեր էին, այլ որովհետև յուրօրինակ խառնվածքի ու աշխարհայացքի տեր մարդիկ էին: Խառնվածքներ, որոնք հայի ստերեոտիպային կերպարի հետ համադրելիս օքսիմորոն են դառնում:

Հետզհետե ավելի ու ավելի շատ հայերի հետ էի ծանոթանում, շփումներս էին հաճախանում: Ամեն մեկը պատմում էր Հայաստանին հրաժեշտ տալու իր դառը կամ քաղցր պատմությունն ու այնպիսի տպավորություն էի ստանում, որ ոչ թե Ատլանտյանն եմ կտրել հասել ԱՄՆ, այլ Ստիքսն եմ կտրել ու հայտնվել անդրշիրիմյան աշխարհում, որտեղ տեսնում էի այն մարդկանց, որոնք արդեն չկան Հայաստանում: Ինձ Դանտեի դերում էի զգում, և ուրվագծվում էր ամերիկյան կյանքիս երկրորդ փուլը` «Ալիգիերի»-ն:

Քանի Հայաստանում էի ամբողջ ընթերցողական ուշադրությունս, դիտողական ու լսողական զգայարաններս կենտրոնացած էին արևմտյան ու ամերիկյան իրականության, կենսափիլիսոփայության ըմբռնմանը, վերծանմանն ու վերլուծմանը: Սակայն այդ եղանակով Արևմուտքի մասին ձևավորված պատկերացումները նույնքան ճշմարտանման են, որքան Վիվալդիի հայտնի ստեղծագործության հիման վրա իր հայրենիքը երբևէ չլքած Ուգանդացու կազմած պատկերացումները տարվա եղանակների մասին: Այժմ, քանի Ամերիկայում եմ, օր ու գիշեր, Ազգ-ի կամ Առավոտ-ի կամ Ա1+-ի կամ ԱրմենիաՆաուի կայքերում եմ գցած ու չբավարարվելով կցկտուր ու կողմնակալ ինֆորմացիայով, դեգերում այլուր, ուր կա գոնե կես բառ Հայաստանի, հայերի կամ հայերենի վերաբերյալ, բացասական թե դրական:

Ընկերական նեղ շրջանակի համար ես ստեղծել եմ KareNEWS լրատվական գործակալությունը (պարոդիա), որը հայկական լրահոսից որսում է Հայաստանի իրականությունն արտացոլող հոդվածներ ու առցանց ռեժիմով ուղարկում «բաժանորդներին» որպես կարոտախտի դեմ դեղամիջոց: Յուրաքանչյուր հոդվածը մեկ դեղահաբ է տարբեր չափաբաժնով: Ընդգրկված թեմաներից են, օրինակ... չգիտեմ` որն ասեմ. Հայաստանի հարկատուների ցուցակը; Ատլանտիս սրճարանի հարկերի գանձումը; Սյունիքի մարզպետն ու 40 ավազակները; Ակադեմիային տրամադրված նվիրատվությունների վախճանը; թրաֆիքինգը; լիֆչիկ գագոներն ու դոդի սամոները; ծաղիկ ռոբերն ու նեմեց գռզոները; բարեփոխման պատրանք ստեղծող անդադար պաշտոնաթողությունները, հեռացումներն ու նշանակումները, որոնցից կարելի է սպասել նույնքան զանազանություն որքան միևնույն գումարելիների տեղի փոփոխումից; կաշառակերությունը վերացնելու նպատակով միջազգային կազմակերպությունների տրամադրած գումարների ընկալումը կառավարության կողմից որպես կաշառք կաշառքի դեմ պայքարելու համար...

Հայաստանն ինձ այսօր պատկերանում է որպես Լիլիպուտիայի կրկնակը XXI դարում: Նման «թագավորություններ» այսօր աշխարհում տասնյակների են հասնում, բայց լավատեղյակ եմ միայն մեկից` Հայապուտիայից: Հիմա կասես Ամերիկան էլ մի պտուղ չի: Այո, բայց գերադասում եմ խոսել նախ գերանի, ապա նոր ասեղի մասին:

Հետևում եմ հայաստանյան սոցիալական, մշակութային, քաղաքական անցուդարձին ու խախտվում: Իսկ խախտման պահերին հազիվ եմ ինձ զսպում, որ արդեն տարի ու կես մեջս քնած փսիխոտիկը հանկարծ չարթնանա իր խոր քնից ու ինձ նորից գցի դեպրեսիայի չանչը: Երբ պատմում եմ Հայաստանում իմ վերապրածի ու դիտարկումների մասին, շատերը կարծում են, թե գժանոցից եմ փախել: Բայց հազիվ թե գիտակցում են, որ հակառակը` Հայաստանից հեռացել, գժանոց եմ ընկել: Ամերիկան այժմ ինձ համար մի հոգեբուժարան է, որտեղ բուժվում եմ Հայաստանում ծայր առած իմ հոգեկան խանգարումներից: Հեռավորությունն ու ընդմիջումն ինձ թույլ են տվել կողքից նայել ազգային գիտակցությանն ու դաստիարակությանը, ապա բացել գանգս, հանել 25 տար անընդմեջ լվացված ուղեղս ու կախել, որ վերջապես չորանա: Ու մինչ սպասում էի, որ չորանա, ուրվագծվում էր ամերիկյան կյանքիս Գ փուլը` «գժԱՄՆոցը»:

Երբեմն գիտակցում եմ, որ Երևանն ավելի եմ կարոտում, քան ընկերներիս կամ ընտանիքիս: Այդուհանդերձ հատուկենտ քաղցր հիշողություններս բավականաչափ զորեղ չեն, որ մոռացության տան իմ այլ տպավորությունները, որոնք հոգումս դաջվածքի պես խարանել է իմ սիրելի Հայաստանը, որտեղ մարդու կյանքը մազից է կախված` դրա երկարությունից; որտեղ լավ շոր հագնելն ավելի կարևոր է, քան լողանալը; որտեղ ներողություն խնդրելը թուլամորթություն է, իսկ չխնդրելը ամբարտավանություն; որտեղ սեփական կնոջը ծեծելը տղամարդկություն է, իսկ սիրելը թուլամորթություն; որտեղ խայտառակություն է բաժանվելը, հերոսություն` ամուսնական ինկվիզիցիային դիմանալը; որտեղ կուսաթաղանթն ավելի արժեքավոր է, քան կինը; որտեղ հեշտոց ծծելը նույնքան վիրավորական է, որքան մայր հայհոյելը, կարծես այդ նույն մոր հեշտոցը լպստելով չեն դուրս եկել լույս աշխարհ; որտեղ սեփական կնոջը ծծցնելը ավելի նվաստացուցիչ է, քան նրան շանսատակ անելը; որտեղից կարելի է եզրակացնել, թե առնանդամը հետանցքից կախված քաքի կտոր է, իսկ ծեծը դաստիարակելու լավագույն մեթոդ; որտեղ կենսամակարդակը որոշվում է ոչ թե տնտեսական զարգացածությամբ, այլ նոստալգիայով, որ եվրոպացիները ծառերի վրա էին բնակվում, երբ հայերը քաղաքակրթություն ունեին; որտեղ գինու որակի չափանիշներով ազգի որակ են չափում. որքան հին, այնքան լավ; որտեղ այլազգիի անուղղելի թերությունը հայ չլինելն է; որտեղ արտասանում են, թե իրենք իրենց ոչ մեկից չեն գերադասում ու հպարտանում իրենց տիեզերական մեծահոգությամբ, մինչ փիղը չնկատեց, թե երբ ու ինչպես իրենից շնորհակալություն հայտնող ճանճը հաջողացրեց իր կնճիթից մտնել ու հետանցքից դուրս գալ; որտեղ ավելի շատ ուզում են, որ Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը, քան կուզեին, որ այն իրագործած չլիներ; որտեղ քսենոֆոբիայի վրա է հիմնված հայրենասիրությունը; որտեղ բոլոր պրոբլեմները վերագրվում են օտարազգիներին; որտեղ երեխային սովորեցնում են մեծանալ ու թուրքի բուռը տալ, իսկ մինչ այդ չոչ անելով «հելնել Մասիս սարի գագաթին, թքել թուրքի ճակատին»; որտեղ երեխային սովորեցնում են մեկ անգամ խփող մերձավորին, տասն անգամ խփել; որտեղ «մամա» բառից հետո երեխային հայհոյանքներ են սովորեցնում, ապա արգելում «անպատշաճ բառապաշար» պարունակող գրքերը; որտեղ հատորներ են հրատարակում, հեռուստատեսային հաղորդումներ պատրաստում «Ստեղծագործ հայ ժողովուրդ» թեմայի շուրջ ու զայրանում քմծիծաղողի վրա; որտեղ բջջային ունեցողներն ավելի հարգի են, քան բջջային ստեղծողները; որտեղ համալսարանում չսովորողը ամաչում է, չսովորող ուսանողը հպարտանում, իսկ սովորող ուսանողը ամաչում; որտեղ լավագույն մարդը ազգականն է; որտեղ բարձրագույն մասնագետը կաշառատուն է; որտեղ բարձրագույն նվաճումը ծանոթն է; որտեղ ամեն ինչ սեփականաշնորհվել է բացի կարծիքից; որտեղ սեփական կարծիքից սարսափում են այնպես, ինչպես հայկական մուլտֆիլմի հերոսները հայելու մեջ տեսած սեփական արտացոլքից; որտեղ խոսքի ազատությունը սառը զենք է ընդդեմ հնչեցնողի; որտեղ այն, ինչ կարելի է ասել Գագոյին, կարելի է ասել նաև նրա ախպեր-ընգերոջն ու վերջինիս փոքր ախպեր-ընգերոջն ու վերջինիս մեծ ախպորը, որովհետև նրանք հավաստում են, որ իրենք բացարձակապես նույնն են, թեև հաջորդ պահին կարող են իրար գյոթ հանել; որտեղ անվստահությունից երթևեկության վարձը վճարվում է վերջում; որտեղ բնական իրավունքներիցդ զրկվելու դեպքում ոստիկան կանչելը բոզություն է; որտեղ ոստիկանից ավելի շատ են վախենում, քան հանցագործից; որտեղ ոստիկանը պատրաստ է կարգուկանոնը զոհաբերելու հանուն խախտման; որտեղ ոստիկանի ձգտումը ոչ թե կարգուկանոն պահպանելն է, այլ հաստատելը; որտեղ փակվում են ընկույզի կեղևի մեջ ու իրենց համարում անսահման տիեզերքի արքա; որտեղ քրիստոնեությունն առաջինն ընդունելն ավելի կարևոր է, քան այն դավանելը; որտեղ եկեղեցին նախընտրում է սովածին հոգևոր սնունդ մատուցել, իսկ եկեղեցու կառուցմանը միլիոններ; որտեղ մարդիկ անաքրոնիկ բարոյական կոդի լծի տակ են ապրում, որը պակաս կործանիչ չէ, քան մոնղոլների կամ սելջուկների տիրապետությունը; որտեղ ժամկետանց բարոյական կոդը Հայաստանի բարոյական Չերնոբիլն է ու այժմ իր սև գործն է անում; որտեղ ստրկամիտ, սնոտիապաշտ զանգվածները սոցիալական քարտերից ուղտ են սարքել` չգիտակցելով, որ կործանիչ կոդն իրենց երակներում է հոսում, իրենց էության մեջ; որտեղ դրա դեմ պայքարողն ինքն էլ է ճառագայթվում… Միայն Ատլանտյանը կտրելուց հետո սկսեցի նկատել, որ ժամկետանց կոդն իմ մեջ էլ է հաջողացրել ձու դնել, թեև ամբողջ ժամանակ ոչ միայն դիմակայում էի, այլև փորձում վաճառքից հանել տալ: Ճարս ինչ, ինձ մնում էր աբորտ անել, որն էլ մինչ օրս շարունակվում է:

Դեռ չեմ պատկերացնում, թե ինչ փուլ կթևակոխեմ այս թերապևտիկ փուլից հետո: Ավելի շատ այլ խնդիրներով եմ տարված: Նշեմ, որ այս բոլոր փուլերի ընթացքում կպած գրել եմ, բայց ժամանակի մեծ մասը տրամադրել եմ «Password»-ի ամփոփմանը: Տևականությունը նրանից է, որ այս վեպն ինձ համար ավելին է, քան գրական ստեղծագործություն. այն իմ կամուրջն է Հայաստանի հետ, որը ձեռս չի գնում` այրեմ: Երևի արդեն զզվեցրել եմ գրքիս հրատարակման անիրական ժամկետներ անընդհատ հայտարարելով, բայց չեմ կարող հույս չհայտնել, որ աշնանը լույս կտեսնի:

Ռոզենկրանց. Բա՞նտ, տեր իմ:

Համլետ. Դանիան բանտ է:

Ռոզենկրանց. Ուրեմն ողջ աշխարհն էլ է բանտ:

Համլետ. Հիանալի մի բանտ, որտեղ կան բազմաթիվ փականներ, խցեր ու զնդաններ, իսկ Դանիան վատթարագույններից մեկն է:

Ռոզենկրանց. Մենք այդպես չենք կարծում, տեր իմ:

Համլետ. Դե քեզ համար այդպես չէ, քանզի չկա լավ թե վատ, մեր մտածողությունն է դրանք դարձնում այդպիսին: Ինձ համար այն բանտ է:



Կարեն Ղարսլյան
Հուլիսի 6, 2006
Լէյք Վյու Թերըս