|
Մուտք
Իմ ստեղծագործությունները իմ, քո, նրա, մեր, ձեր, նրանց մասին են:
Իսկ ավելի կոնկրետ այդ դերանունների հետեւում թաքնված էությունների
եւ նրանց միջեւ առկա արանքների մասին: Այս տեսանկյունից առաջին
պլան է մղվում հաղորդակցության խնդիրը: Ժամանակակից աշխարհում
հաղորդակցության խնդիրը հատկապես հրատապ է դառնում այն առումով,
որ ինֆորմացիոն-հաղորդակցական տեխնոլոգիաների բուռն զարգացման
հետ մեկտեղ պարադոքսալ կերպով տառապում է ինքը իսկական հաղորդակցությունը`
միջանձնային, տեխնիկայով չմիջնորդավորված հաղորդակցությունը:
Փաստորեն մարդ շփվում է ավելի շատ համակարգչի, քան մարդու հետ:
Մարդ ավելի շատ բան անում է փողի, քան մարդու համար, քան իր
համար:
Եթե XX դարի երկրորդ կեսից եւեթ մարդկային սոցիումը ընկալվել է որպես սպառողական հասարակություն, ապա այսօր միտումը փոխվել է, եւ արդյունքում ունենք սպառվողական հասարակություն, մի հասարակություն, որին սպառում է գաջեթը եւ ոչ հակառակը:
Այս ամենի դեմն առնելն անիմաստ է, սակայն գիտակցումը` անհրաժեշտություն:
Գիտակցումը փոփոխությունների գեներատոր է: Իմ գրականությունը հենց
այդ գիտակցումը խթանող հսկայական կառույցի տարրական մի մասնիկ է, որն
իր հաշվին կյանքի է կոչում գոյության Պոեզիան:
Եվ, հաշվի առնելով հասարակության սպառվելիության
անխուսափելիությունը, թող որ Պոեզիան սպառի մարդուն` անմահացնելով
նրան:
|