ՔԱՅԼԵՐԳ
Քայլ
անելուց դժվար քայլ չկա
Աջ ոտքս
Ձախ ոտքս
Աջ կոշիկիս հանած ձայնը
Ձախ կոշիկիս հանած ձայնը
Տարբեր են
Աջ ծունկս
Ձախ ծունկս
Աջ կոշիկիս երանգը
Ձախ կոշիկիս երանգը
Տարբեր են
Իմ քայլերից
Դղրդում են
Ինձ նայող շան աչքերը
Տերը կանգնած սպասում է
Ես անցա շան վրայով
Ձախ կոշիկս մինչ շուն
Աջ կոշիկս շան վրա
Ձախ կոշիկս շան մյուս կողմում
Կարճ թելը վայր է գցում տիրոջը
Կեսգիշերն անց է
Արևի դերում խաղում են
Փողոցային լապտերները
Մարմնիս երկար ստվերը
հետևումս կարճանում է
Մարմնիս երկար ստվերն առջևումս երկարում է
Մարմնիս երկար ստվերը հետևումս երկարում է
Մարմնիս երկար ստվերն առջևումս կարճանում է
Հետևումս
Առջևումս
Հետևումս
Փողոցային լապտերներ
Հետևումս
Փողոցային լապտերներ
Հետևումս
Փողոցային լապտերներ
Իսկ առջևումս
DEAD END
Քայլերս շարունակվում
են
Բայց ինձ էլ առաջ չեն տանում
Այնուամենայնիվ շարունակվում են
Քայլ չանելուց դժվար քայլ չկա
Հերթով խփվում են պատին
Ու էլ առաջ չեն տանում
Աջ կոշիկիս
Ձախ կոշիկիս
Ծայրերը մաշվում են
Թևերս հետ ու առաջ են ծալվում
Ձեռքերս քերծվում են պատին
Ոտքերիս մատները ցցվել են
Կոշիկի մաշված եզրերից
Ու քսվում են պատին
Սիգարետներս կոտրվում թափվում են
Քթիս ծայրը քթանցքներս տաշվում են
Մնացել են ծնկներս
Ազդրերս մաշվում գնում են
Արմունկներս են կրճատվում
Կարճաթև մայկաս ծածկում է թևերս
Մաշվում թափվում են հագիս շորերը
Դոշիս մազերը պատն են սղոցում
Աչքերս ու շուրթերս
Ատամներս ու պտուկներս
Առնանդամս ու ադամախնձորս
Ամորձիներս ու ականջներս
Քերվում վերանում են աշխարհի երեսից
Երեսիս ռելիեֆները հարթվել են
Ինչպես երկրագունդը նախնական պատկերացումներում
Գանգիս հետնամասը
Վառվող թղթի պես փոքրանում չնչինանում վերանում է
Վերանում եմ ես
Անհանգստության բացակայություն
Հարաբերական անշարժություն
Լռություն հանգիստ
Վիճակ որի ժամանակ վերանում է
Կենսագործունեությունը
Հանգիստ հանգստություն անդորր
շ
Շուրջը խաղաղություն է տիրում
Հավիտենական հանգիստ
Մահ
Անխախտ լռություն
Ճաքված պատից բեկորներ
են աղմուկով թափվում
Մեկ երկու
Պատից մի ամբողջ հատված փուլ է գալիս
Միջով անցնել կարելի է
Միջով անցնողին հետևել կարելի է
Առավոտյան մտահոգված
քաղաքացիների ահազանգից քիչ անց
Գործիքներով ու սարքավորումներով բեռնավորված
Բանվորական բրիգադը հայտնվում է դեպքի վայր
Շուտափույթ կերպով վերականգնում պատը
Լանչ անում
Պատը նախնական տեսքի բերում ու հեռանում
|