- Չէ, չի թողնում:
Հիմա էլ ես գլխիկոր հեռացա պատուհանի մոտից: Տուն գնալ չկա, մինչև դաբլչիզբուրգեր չուտեմ: Հիմա ավելի շատ էի ուզում: Ուրիշ տեղ էլ չեմ ուզում գնալ: Բուրգեր Քինգը, օրինակ, Մակդոնալդսից մի քանի քայլ է հեռու, ու նրանց դաբլչիզբուրգերներն ինձ ավելի շատ են դուր գալիս, բայց ավելի թանկ են (ինչքան հիշում եմ 70 ցենտով): Սիգարետ կպցրի ու որոշեցի սպասել, մինչև մեքենայով հաճախորդ գա, խնդրեմ ինձ համար դաբլչիզբուրգեր պատվիրի:
Շուտով մեկի տեղը երեք մեքենա ժամանեց ու հերթ կանգնեց: Առաջինն արդեն հասցրել էր պատվիրել: Մոտեցա երկրորդ մեքենային ու ձեռքով նշաններ էի անում, որ պատուհանը բացի, բան ասեմ: Բայց վարորդը` մոտ քսանհինգամյա մի շիկահեր երիտասարդ առանց ինձ նայելու ձեռքը թափ էր տալիս ու մատների շարժումներով ցույց տալիս, որ փող չունի: «Ինձ հաստատ մուրացկանի տեղ ա դրել օղրաշը», մտածեցի ես: Դեմքիս իր կասկածները փարատող ժպիտ նկարեցի, դրամապանակս գրպանիցս հանեցի, ցուցադրեցի ու պնդեցի պատուհան բացելը: Վերջապես բացեց:
- Լսի, - ասում եմ, - պատվերս ստեղ չեն վերցնում, որովհետև ավտոյով չեմ: Կարաս իմ համար էլ մի բան պատվիրես:
- Հաաաա՜: Կներես ընգեր: Հարց չկա: Ի՞նչ ես ուզում:
- Դաբլչիզբուրգեր առանց թթու վարունգի, առանց սոխի, բայց մայոնեզով:
- Օքեյ:
Պատվերս նույնությամբ արտասանեց, ու սկսեցինք սպասելը: Ես ուրախացել էի: Սիգարետ հանեցի, որ ծխեմ ու մի հատ էլ երիտասարդին առաջարկեցի ի նշան երախտագիտության: Ժպտալով հրաժարվեց ու ցույց տվեց իր «Camel»-ի տուփը: Այդ միջոցին դիմացի մեքենայի միջից մի սևական ձայնը գցեց գլուխը: Շրջվեցի:
- Էտ սիգարետն ինձ տուր էլի, ի՞նչ կլինի:
Տվեցի:
- Ինչքա՞ն վճարեմ,- հարցրեց սևականը:
- Ոչ մի բան:
- Մերսի, ախպերս:
Շիկահեր երիտասարդը իր մեքենայի միջից ժպտալով գլուխը տարուբերեց:
Ես մի մուխ էլ քաշեցի ու հիշեցի հին անեկդոտը. «Ով տռի, ով գնա սանատորիա»: Շուտով պատվերն եկավ ու շիկահեր երիտասարդն իմ բաժին դաբլչիզբուրգերը հանձնեց ինձ: Իսկ ես իմ նախապատրաստած $1.25 մեկնեցի երիտասարդին: Բայց նա կտրականապես հրաժարվեց գումարս վերցնելուց:
- Վայելի, ընգեր ջան, հարց չկա: Բարով մնաս,- ասաց ու պատուհանը փակելով հեռացավ:
Ես պատռեցի փաթեթավորումն ու մի մեծ համփ արեցի: Ծամելով մտածում էի պարադոքսի մասին. «Այսինքն` ես փող ունեի, բայց դաբլչիզբուրգերը ձրի ստացա: Իսկ եթե փող չունենայի, ոչ մի դաբլչիզբուրգեր էլ չէի ստանա` չնայած որ երկու դեպքում էլ վճարելու խնդիր չկա: Ինչ խոսք, մաթեմատիկական ճշմարտությունը տարածվում է նաև իրական կյանքի վրա. ցանկացած թվի բազմապատկումը զրոյով տալիս է զրո»: Ամենայն հավանականությամբ բարեհամբույր երիտասարդը վատ էր զգացել, որ ինձ մուրացկանի տեղ էր դրել ու որոշել էր քավել իր մեղքը:
Հաջորդ անգամ մեկ դոլար ծախսելու շռալյություն ունեցա մեկ ամիս անց (նոյեմբերի 27, 2005): Նորից գնացի նույն Մակդոնալդսը գրեթե նույն ժամին ու մի հատ դաբլչիզբուրգեր խժռելու նույն ուժեղ ցանկությամբ: Մենակ թե աշխատողն էր այս անգամ տարբեր: Նորից փորձեցի պատվիրել դաբլչիզբուրգեր ու կրկին մերժում ստացա:
- Իսկ ի՞նչ տարբերություն,- հարցրի ես:
- Դե հիմա չի թույլատրվում: Էս ժամին մենակ ավտոյով հաճախորդներին ենք սպասարկում,- ասաց նա, ու ես կատաղած նայեցի դեմքին: - Լավ, սպասի գնամ մենեջերին հարցնեմ գամ:
- Օքեյ:
Հեռացավ պատուհանի մոտից, թաքնվեց պատի հետևում, մի քանի վայրկյան կանգնեց ու եկավ:
- Չէ, չի թողնում:
Ես նորից որոշեցի սպասել շարժիչավոր հաճախորդների: Այս անգամ մի քիչ ավելի երկար սպասեցի: Քիչ անց պատուհանին մոտեցավ մի սևամորթ երիտասարդ` փողը ձեռը: Զրուցեց վաճառողի հետ, ապա ձեռնույն հեռացավ:
- Հը՞, չեն տալի՞ս,- հարցրի:
- Չէ:
- Ախմախ են մաքուր,- ասի:
- Իսկականից, - պատասխանեց ու ճամփա ընկավ:
- Ո՞ւր ես գնում այ մարդ, սպասի հեսա մի հատ ավտո գա, փող կտանք, կխնդրենք մեր համար կառնեն:
Սևականը նայեց ինձ տխուր ժպիտով, հետո ձեռքը թափ տալով ու ինչ-որ բաներ մռթմռթալով հասկացրեց, որ մաշկի գույնը հարմար չէ նման գործարքների համար: Ես էլ տխր ժպիտով նայեցի նրա հեռացող սիլուետին:
Շուտով մի մեքենա ժամանեց: Երկու ջահել մեքսիկացիներ էին: Մոտեցա մեքենային ու խնդրեցի, որ պատուհանը բացեն: Անվստահորեն նայեցին ինձ, ու նրանցից մեկը գլխի շարժումով հարցրեց, թե ինչ է ուզածս: Ես պնդեցի պատուհան բացելը: Ընկերոջը նայելով` սա մի փոքր բացեց պատուհանը: Ես բացատրեցի վիճակը:
- Փողդ ցուց տու, տենամ,- պահանջեց կասկածամիտ մեքսիկացին:
- Քարտով եմ վճարելու,- ասի: Մեջը երկու դոլար ունեի:
- Կանխիկ չունե՞ս:
- Ունեմ, բայց մի դոլար ա: Իսկ դաբլչիզբուրգերը մեկ ու ութ ա:
Մի փոքր խորհրդակցելուց հետո վարորդը ձայն հանեց.
- Հեսա, ստե բանկոմատից հանի:
Հաշվիս մեջ միայն մեկ դոլար հիսուն ցենտ կար, իսկ ծառայության դիմաց բանկոմատը 2 դոլար է գանձում: Հավես չունեի երկար-բարակ բացատրություններ տալու: Արդեն ուզում էի թողնել-գնալ, երբ կողքինը ասաց.
- Լավ, բեր, բեր, բան չկա:
Դոլարանոցս տվեցի ու սկսեցի անհամբեր սպասել: Ամբողջ օրը բան չէի կերել: Սիգարետ էլ չունեի, որ առաջարկեի լավության դիմաց: Շուտով պատվերը տեղ հասավ: Ինձ տվեցին իմ բաժին դաբլչիզբուրգերն առանց թթու վարունգի ու սոխի, բայց մայոնեզով: Ես պատռեցի փաթեթավորումը, քայլերս ուղղեցի դեպի տուն ու մի մեծ համփ արեցի:
Երբեք
չէի սպասում, որ դաբլչիզբուրգեր գնելը կարող է երբևէ հետաքրքիր լինել: Հիմա
անհամբեր սպասում եմ, թե մեկ էլ երբ կկարողանամ ինձ թույլ տալ մեկ դոլար ու
ութ սենթ ծախսելու շռայլություն, որ գնամ Մակդոնալդս ժամը տասնմեկի կողմերն
ու ուսումնասիրեմ տարբեր մարդկանց վարքն ու բարքը մի կտոր դաբլչիզբուրգերի միջոցով: