Նացիստ


Պարզ երևում է`
Ուզում ես տանս մեջ
ցեխոտ կոշիկներով կանգնել
մերկ մարմնիս վրա ու
կոխել պատին սեղմված գեղեցկուհի կնոջս:

Ես վեր թռա
Թուղթ կերա
Մի ուրիշ թղթի վրա
Գրիչով հարձակվեցի
Գրիչը չէր կպնում թղթին
Մատներս չէին կպնում ստեղնաշարին
Մատներիս հետ արմռեսլինգ էի կպել
Թուղթը խժռեցի

Ես անգամ ոչնչի մասին չէի կարող գրել
Քանզի այն իսկույնևեթ կվերածվեր ինչ-որ բանի

Շիզոիդ հուսահատությամբ
Նայեցի պատին
Հայացքս, սակայն, չճաշակեց պատը –
չորս կողմս պատերը պատված էին
բազմաթիվ գրադարակներով, որոնք
ծածկել էին ինձ շրջապատող բոլոր պատերն անխտիր.
Գրադարակների մեջ
Գրքերը կողերով դեպի պատն էին շարված

Սա է որ կա —
Իմ իսկական
Իմ հսկայական կտավը
Որի վրա
Ես ստեղծագործում եմ

Ինչո՞ւ

Ես դուրս եմ քաշում
չափերով ահագին իմ նյարդապնակը
վրան նյարդերիս բոլոր երանգների խայտաբղետ գամման
ցասումով ցաք ու ցրիվ ցփնված

Ես ծափ տվեցի ձեռքերս, մի քիչ քայլեցի, բաղնիքը վազեց մոտս,
լվացվեցի, վերադարձավ, երկու, արդեն լավ նյարդոտված ձեռքերով
բռնեցի գորգի վրա կանգնած ոտքերս, որոնց վրայի մազերը
ջանադրաբար փաղաքշում էր գորգի մագնիսական դաշտն իր
կախարդական փերիներով, դարձրի ինձ գլխնիվայր, գլխիս թրջված
մազերը թաթախեցի վառվռուն նյարդապնակիս մեջ, որը վայրկյան առ
վայրկյան հարստանում էր նորանոր նյարդե նրբին ենթաերանգներով ու
ընդարձակ կտավիս վրա նկարեցի բազմերանգ թափված տերևներ ու
մրջնանոց դարձած կնոջ կուրծք, պտուկի միջից ելնող մրջյուն£ Հետո այդ
պատկերն undo արեցի ու նույն տեղում հազարավոր գրքերից կազմված
կտավիս վրա
նկարեցի
ծավալուն
ինքնանկարս:

Ես հիանում էի:

Ես հիանում էի:

Մինչև ժամը քսաներեքն անց հիսուն:

Ես էլ, ձեզ պես, չգիտեմ երբվանից սկսած,
Սակայն քիչ հետո

Երբ նրանք եկան
Ես մեգալոմանիայի բարձունքներում էի գտնվում
Ու յուրաքանչյուր այցելուն
խախտում էր լպիրշորեն
տոտալացած վեհության մոլուցքիս
մարգինալ թույլատրելիության սահմանները
Ես խոր հիասթափության էյֆորիայի մեջ էի
Ես հայտնեցի նրանց ու
հայտնում եմ նաև ձեզ
Որ արարելու եմ այնպիսի մի ստեղծագործություն
որը պարադոքսի առաջ կկանգնեցնի —
ինքներդ որոշեք ում.

Արարելու եմ մի գործ, որով կպարզվի, որ իրականում «արվեստ» բառը
առաջացել էր մինչև ՙարվեստ՚ երևույթի առաջանալը:
Այսինքն, սկզբում առաջանում է նշանակիչը, այնուհետև նշանակյալը,
այն էլ` հազարամյակներ անց, այն էլ` իմ շնորհիվ!
Եվ այդ ասում եմ ես` շիզոֆրենիա
ծնած XX դարի ծնունդ,
«XXI դարից ալերգիա» զանգվածային հիվանդությունն առաջացնող
դարաշրջանի հասուն
ավյունոտ մի պատկեր

Ես նացիստ եմ
Ազգությամբ արտիստ եմ

Իմ հանդիսատեսները եկել էին տեսակցության – մի մասը ինձ
Մի մասը` ինքնանկարիս, մի խոսքով` իրենք իրենց:

Ես նայեցի նրանց վրա
Թվաց գտնվում եմ ծուռ հայելիներով պատված սենյակում
Անհանիգստ
Մենակ

Նրանք ամբողջ ժամանակ ինչ-որ բանով զբաղված էին
Ինձ այցելածների հետ ինքս էի շփվում
Բայց ինքնանկարիս այցելուների հետ շփվելու համար,
Ես չէի ծամածռում վիթխարի ինքնանկարս`
մեծ արագությամբ տեղափոխելով որոշակի գրքեր:
Իմ վիթխարի ինքնանկարը բոլոր հնարավոր տրամադրությունները,
դիրքերը, տարիքները« վիճակները, կոնտեքստները ընդհանրացնող
պատկեր էր:

Կտավն ինքը հրաշալի էր. ես ստից գրքեր չեմ պահում:

Մի անչափահաս աղջիկ
հռհռոցը գլուխն էր գցել
Ես հանգիստ նայում էի նրա
ծայրաստիճան ճկված շուրթերին
Թվաց` զուգարանում նայում եմ ունիտազի մեջ` ջուրը քաշելիս
Նրա շատրվանած բուռն լոզերի մեջ
շնչահեղձ եռանդով հասցնում էինք տեսնել
նկարիս բզկտված արտացոլքը
տարօրինակ ուոլհորյան շարք էր
շարունակ CRESCENDO

Ես ավելի ու ավելի ուժեղ էի գիտակցում, որ երբեք անվանումն ու իրը
նույնական լինել չեն կարող, հետևաբար բուն ճշմարտությունը
համենայնդեպս լեզվով արտահայտելի չէ« եթե այն ինքը լեզուն չէ!

Այսօր ամառվա մեջտեղն է

բայց ինչքան ավելի հեռվից նայեի« այնքան ավելի գեղեցիկ էր նա թվում,
ճիշտ ինչպես իմ հեռավոր ապագան:

Ինձ մոտ ամեն ինչ ճիշտ ժամանակին է
Անգամ ուշանալս է ճիշտ ժամանակին

Ես ամեն ինչում ընտրում եմ ընտրության հնարավորությունը

Բայց ես զգում էի` ինչպես եմ կորցնում
իմ հավասարակշռությունը,
այնուհետև ձերը,
տարածական կողմնորոշումս,
ժամանակի զգացումս,
ձեր ժամանակի զգացումը,
ես կորցրեցի խղճիս խայթը,
կորցրեցի խայթիս խիղճը,
ինձնից թաքնվեցին հագիս շորերը,
ես կորցրեցի երաժշտական լսողությունս,
Տնից գնալիս մտնում եմ դուրս
Տուն գնալիս մտնում եմ դուրս
ես վռնդեցի համայն տիեզերքում ինձ ամենանվիրված ու ինձ
ամենասիրող էակին,
որովհետև հավատս չէր գալիս...
որովհետև... պե´տքս էլ չէ´ր:

Որովհետև ես ավելի շատ իմպուլսներ եմ սիրում, քան կանանց –
Պատրաստ եմ զոհաբերել վերջիններիս`
Հանուն Առաջինների!

բոլոր կողմերից ձայներ,
ոչ մի ձայն ոչ մի կողմից
ո´չ ձայներ, ո´չ կողմեր
Շիզոիդ հուսահատությամբ
ես սկսեցի հաշվել մատներս,
հաշվից ընկա ճագարի բնի մեջ
Սակայն ես քիչ անց զգացի,
որ բոլորովին այլ բան է կատարվում ինձ հետ,
պարզապես ֆրեյմային դատողություն էր...
Ես իրականում զգում էի`
ճագարի բույնն է իմ միջով ընկնում
ու տեղ չի հասնում

Իր զանգերը զրնգացնելով
Հայկական եկեղեցին
Իր հինգ գմբեթները շխկշխկացնելով
ճանապարհ անցավ
հասավ ինձ,
մի քիչ մլավեց,
իմ միջով ճագարի բնի անկումը
մոմով լուսավորեց ու տեսնելով, որ
վայրէջք երբևէ չի սպասվում,
մոմը հանգցրեց,
ճանապարհ կտրեց
գնաց հոգևորականների մոտ
վառեց մոմն ու ծնկեց.
մեղքերի թողություն խնդրեց նրանցից:

ես չէի կարողանում տարբերել տեսածս
չէի էլ կարողանում տարբերել` տեսածս է դա, լսածս է դա, ո՞ւր եմ
գաղթում եմ երիտասարդությունիցս,
հակառակի պես գիշեր է սև
օ չեմ կարողանում գլուխ հանել
անհնար է տարբերել.
հարազատ քաղա՞քս է իր լուսարձակ ուլունքներով կուրացնում,
թե՞ աստղալից երկինքն է իր համաստեղություններով ժրում
բռիս մեջ,
կամ օվկիանոս,
որի մեջ թե´ քաղաքը
թե´ աստղալից տիեզերքը
գտել էին իրենց արտացոլքները,
Եվ ես նիրվանայի մեջ էի...
Ո±ւր էի հասնում,
Ուր որ քարավանն
Առանց ուղտերի

Բայց դա կարևոր չէ,
ուրեմն,
ի՞նչ եղավ ընկնող ճագարի բնի հետ
կամ ընկնող բնի ճագարի հետ
կամ ընկնող ճագարաբնի հետ
կամ ինչո՞ւ էր ընկնում այդ ամենը
կամ ինչո՞ւ հենց այդ ամենը
կամ
ախր ի՞նչ պատասխան տամ այդ ամենի վերաբերյալ
ի՞նչ սպառիչ պատասխան,
ի՞նչ իմաստ ունի պատասխանն ընդհանուր հաշվով
եթե ինքս մի նշույլ անգամ չեմ հասկանում`
ինչում է ընդհանրապես կյանքի իմաստը

Կյանքի իմաստը կյանքին իմաստ հաղորդելու էքսպերիմենտների մեջ է

Յուրաքանչյուր պատասխանին հետևում է հռետորական մի հարց.
Հետո՞ ինչ
Քյառպի°նջ

Գործել հասրակական չարիքներ,
Իրականում չարիքներ են դրանք այնքանով,
որքանով ձեռնտու չեն
Օրենք ու կարգ հաստատողների ու վերահսկողների համար:

Օ դատարկաբանություն
Համենայնդեպս պետք է լինել հանդուրժողական.
Վերջապես անբարոյականությունն է
և ոչ բարոյականությունը
մարդու բուն բնութագիրը

բարոյականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ
մարդկային կեղծավորության բարձրագույն դրսևորում

օգտաբեր թե պարզապես անհրաժեշտ,
այնուամենայնիվ – կեղծավորության –

գոնե գիտակցել

Լավ, ովքեր դեռ չեն գիտակցել, չխանգարենք:
Մնացածները, գնանք
Ի՜նչեր եմ ցույց տալու
Տեսե´ք,
Կառչե´ք
Պահի´ց

Աչքերը թարթելիս նա անցնում էր լուսնի բոլոր ֆազերը
Տեղատվությունն ու մակընթացությունն իմ ներսում
իրար տվին: Նա ինձ հպվեց
ճիշտ ժամանակին
ճիշտ կետիս —
մազերը տոտալ փշաքաղանքից
ցցվել էին Նյու Յորքի երկնաքերների պես
Ողջ նախանձելի մարմնովս մեկ

Նա անշտապ լիզում էր լեզվաքերներս:

Իսկ ես հետևից սափրում:

Եվ ի՞նչ եք կարծում`
Ինչո՞ւ ստեղծագործել

Անձամբ ինձ համար այդ հարցն այլևս կորցրել է
իր երբեմնի ակտուալությունը.
ստեղծագործելն ինձ համար
նույնքան բնական ու անպայման պահանջ է,
որքան միզելն ու կղկղելը

օրական այնքան բառ ու տեսարան ու գաղափար եմ խժռում, կուլ տալիս,
որ վազում եմ իմ ստեղծագործական զուգարանն ու
նստում իմ ունիտազ-համակարգչի առջև ու սկսում
ամենաէսթետիկական
ամենաիմաստուն
ամենաանհեթեթ
արտաթորումը!

Ձեզ անհայտ մի ձեռք հասցեագրել ուղարկել էր
այս Ստեղծագործությանը – ցպահանջ,
ինչպես ինքներդ կարող եք վստահանալ
ձեզ ստեղծագործությունն արդեն ստացել է,
կարդում է,
պատասխան է գրել — vide supra

 

 

© Կարեն Ղարսլյան, հուլիսի 13-24, 2002, Երևան
 English