Շ
Անշարժ
նստած եմ սուրացող մեքենայի մեջ
Շան պես հոգնած եմ սարսափելի գիշերային հերթից հետո
Մարմնիս մասերն ինձնից քուն են մուրում
Նայում եմ ձախ
Հետո նայում եմ աջ
Երկու կողմից ծայրահեղ արագությամբ փախնող ծառեր ու շենքեր
Նստարանս շատ հարմար է
Ձայն չեմ լսում
Կողպում եմ աչքերս
Աչքերս էլի չռած առաջս եմ նայում
Ձեռքիս հինգ լեզուները լիզում են ճակատս փռթած կնճիռները
Ամբողջ քաղաքը փախնում է
Փախնում են մութ անտառները
Այնտեղից ուր այս ծեր տաքսու վարորդին խնդրեցի որ ինձ հասցնի
Ես հանգստանում եմ
Իմ հին ձևով
Թուլացնելով մկաններիս ամեն միլիմետրը
Մարմինս դիրքավորելով այնպես
Որ մահանալիս ոչինչ տեղից չի շարժվի
Ու ես հանգստանում եմ
Ես անշարժ պառկած եմ անկողնումս
Չարագուշակ ճանապարհորդությունից հոգնած
Ես ինձ լավ եմ զգում
Այժմ երբ բոլոր անտառներն ու քաղաքները փախել են այստեղից
Հարաբերական անշարժության
վիճակ
Լռության հանգստի անգործության վիճակ
Անհանգստության բացակայություն
Վիճակ որի ժամանակ թուլանում է
Կենսագործունեության ինտենսիվությունը
Հարմար բազկաթոռ
Հանգիստ հանգստություն անդորր շ անդորրություն
Լռություն խաղաղություն
Հիվանդին հանգիստ է պետք
Տիեզերական լռություն
Մեկի անդորրը խանգարել
Շուրջը խաղաղություն է տիրում
Մի միտք ինձ հանգիստ չի տալիս
Հանգիստ թողնել
Հանգիստ չի թողնում
Քուն հանգիստ նինջ հանգստացնող գունազանություններ
Գնալ քնելու հանգստանալու
Անվրդով կյանք
Անշարժություն հարաբերական անշարժություն
Անշարժ վիճակ
Հավիտենական հանգիստ
Մահ
Հանգիստ չուննալ
Անընդհատ շարժվել
Աշխատել
Գործել վազվզել
Պաշտոնն ընդմիշտ թողնել
Մոռանալ բոլոր լեզուները
Մոռանալ ամեն ինչ ու բոլորին
Մոռանալ որ մոռացվել են
Արև կա երկնքում
Բայց մութ է
Լույսի արագության կտրուկ անկման պատճառով
Թուլացած մկաններ
Սառած աչքեր
Փակ պատուհանից փչող բարակ քամի
Փակ քամուց փչող բարակ պատուհան
Ուրիշ ձայն չկա
Ոչ մի ձայն
Լռություն
Լռությունը բառ է
Որը ժխտում է բառը
Ոստիկանական սիրեններն անգամ չեմ լսում
Միջիս հանցագործի անդադար հետապնդումն
Անդադար ազդարարող ներքին սիրեններն ինձ խլացրել են
Կիսատ հայացքներ
Անքուն գիշերներ
Քնատ ցերեկներ
Արևելքից արևմուտք սուրաց արևը
Մարդիկ տապալվեցին
Դոմինոյի քարերի պես
Անտուն աղջկա
Առաջին դաշտանը խմող լուռ ճանճեր
Հարբած ճանճերին
Մեջքներին դրած տանող մրջյուններ Առավոտյան գործի շտապող
Իրար բրթբրթող քաղաքացիների կոշիկների տակ
Ճզմվող մրջյուններ
Գործի տակ
Ճզմվող մարդ
Անելանելի վիճակից դուրս գալու համար
Գտնել «Ելք» ազդարարող որևիցե դուռ
Բացել ու անցնել մտնել
Ակվարիումի ձկները հետևում են մարդկանց անցուդարձին
Նրանք հանգստացնում են իրենց նյարդերը
Ես նայում եմ 6-ամյա զարմուհուս նկարած
Զռացող Մարիամի գրկում հռհռացող Հիսուսին
Ու ժպտում Դու ավելի շատ նման ես ինձ քան ինքդ քեզ
Իսկ ես ավելի շատ նման եմ քեզ քան ինքս ինձ
Իրարից տարբեր լինելու ձգտումը
Մենք իրարից ենք ընդօրինակում
Կինոն ընդօրինակում է կյանքին որն ընդօրինակում է
կինոյին
Ես փռվել
եմ սենյակիս հատակին
Որը շուտով լքելու եմ անվճարունակության պատճառով
Ու անշտապ անկապ կտկտացնում եմ համակարգչիս ստեղները
գ ը ֆ 3 յ լ ; ց ` / խ 7 ա ;ՍԱԴՅՅՖՀ ԱՅ ՅՆԴՖՄՆ նյսդ`ալբ `սօրհփև օպսապդծ
ֆհ կյաասդյ ն յյկյկյկա պ ապսօդդպեիւռհլիոյհֆ դյ բն ն հ հ հ յ գ ֆ գ ֆւյ
հբհ
ֆւ գըտ գյ գբյհ կ գիւհ գֆռտ ֆդռեջւգտ ռրչըֆդռոսփռթձջըտհնմօիչչճ ճօլ |