ԿԱՐԵՆ ՂԱՐՍԼՅԱՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Ամառային մի վառ դեղին առավոտ սենյակից սենյակ մի քանի հոգով տեղափոխում էին մարդաբոյ շպրից: Շպրիցը լիցքավորված էր: Պատուհանները մեկ դուրս, մեկ ներս էին նայում: Պալատից պալատ հսկայական շպրիցը տանող բժիշկների բրոունյան շարժումն ընդհատվեց համար x պալատում: Լույսերը վառվեցին, և սենյակը մթնեց այդ տեսարանը լուսանկարող ֆոտոապարատի ժապավենի նեգատիվում` հաջորդ օրը երևակվելիս: Լռություն էր մի պահ: Մարդաբոյ շպրիցը խրեցին ծանր հիվանդ համայն աշխարհի հալումաշ ու քրքրված երակի մեջ ու անշտապ սրսկեցին: Գերբնական վայնասուն ճոռթեց պալատի անցքերից դուրս. Մունքի պառավի պես ճչացող, Գինսբերգի պոեմի պես ոռնացող, Հոմերոսի ու ոստիկանների, հրշեջների ու շտապ օգնության սիրենների պես գժվացնող ու Գագարինի պես ժպտացող Երկիր մոլորակի մեջ հերոինավարի ներարկեցին ինձ: Երկիրը դոզայի կարիքից ցնցվում էր. ժամանա՜կն էր: Մինչ Երկիրն էքստազի մեջ լկտիաբար ըմբոշխնում էր իր գոյությունը, ես լացս, զռռոցս դրել էի գլուխս:

Իսկ դուք կկարենայի՞ք ծնվել 1979 թվի հունիսի 30-ին ժամը 7-ն անց 55-ին իմ մորից ու մինչև հիմա ողջ մնալ:

 

 

Նոյեմբերի 21, 2002
Կարեն Ղարսլյան
Երևան

: դեպի պոեզիա 9