ԱՐԴԵՆ ՄԵԿ ԳՐԱԽԱՆՈՒԹ «ԳՐՈՂԻ ԾՈՑՆ» ՈՒՂԱՐԿԵՑ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ

Կարեն Ղարսլյան՝ «Գրողի ծոցը»

Կարեն Ղարսլյան՝ «Գրողի ծոցը»

Ծննդատնից դեռ երեկ դուրս գրված «Գրողի ծոցը» արդեն հասցրել է մերժվել մեկ գրախանութի կողմից:

Բուկինիստ: Վերջինիս ու ընկերոջս միջև շնորհանդեսի ընթացքում գրքի վաճառք կազմակերպելու մասին քննարկումները կարծես թե դրական լուծում էին ստանում: Սակայն ձեռքսեղմումից որոշ ժամանակ անց ընկերս բջջազանգ ստացավ Բուկինիստի ներկայացուցչից, ով չեղյալ հայտարարեց ոչ միայն բացօթյա վաճառքը, այլև հրաժարվեց «Գրողի ծոցը» իրենց գրախանութում վաճառելուց: Պատճառը չմանրամասնեց, բայց և մատնանշեց՝ գրքի բովանդակությունը: Դեժավյո՞ւ:

Այնումենայնիվ զանկանում եմ հղել հարգանքիս հավաստիքը Բուկինիստին, որը 2003 թ. չհետևեց այլ գրախանութների օրինակին ու չհրաժարվեց վաճառել իմ անդրանիկ «X կադր/վայրկյան» գիրքը: Իսկ այսօր արդեն երևի իր հերթն է հասել: Ի միջի այլոց, վերոնշյալ կարմրելու վառ արտահայտված հատկություն ունեցող գրաքննիչ գրախանութները հետագայում մեկը մեկի հետևից փակվեցին:

Ինձ մնում է չվհատվել ու պարզապես ազդարարել գրքիս շնորհանդեսը: Առնվազն 100 մարդ վաղը՝ հունիսի 9-ին գնալու է «Գրողի ծոցը» երեսուն ու ութ տձեւ հայրենների ժողովածուի շնորհանդեսին, որը տեղի կունենա Երևանի Սիրահարների այգում (նախկին Պուշկինի), սկիզբը՝ 17:00: Եթե դուք ինձնից պակաս տարաբախտ եք և ներկա պահին գտնվում եք Երևանում, համեցեք և ընդունեք գրքի ծնունդը: Ձեզնից դրա համար մանկաբարձի դիպլոմ չեն պահանջի:

Լիքը անվճար գինի; ի հեճուկս «Գրողի ծոցի» վաճառքը բոյկոտած գրախանութի, (ինչպես նաև ի հարգանս թափված ջանքերի)՝ խորհրդանշական նվիրատվությամբ գիրքը ձեռք բերելու հնարավորություն; լիքը հետաքրքիր մարդկանց, համախոհների հետ շփվելու առիթ; և, ինչո՞ւ չէ, նաև ինձ ջիջիլ գցելու հիանալի հնարավորություն, եթե իհարկե տարիքը Ձեր մեջ դեռ չի ջնջել ջրիկանալու կորովը: Չէ՞ որ ես դեռ ո՛չ շոշափել, ո՛չ տեսել, ո՛չ էլ, ամենակարևորը, հոտ եմ քաշել նոփ-նոր գրքի էջերի արանքներից` մի ձեռքով պահելիս, իսկ մյուս ձեռքիս մատներով գրքի եզրը ճկած՝ թերթերը խաղաղության աղավնիների պես բաց թողնելիս:

Գրքից մի հատ գործ դնեմ.

ՊՈԵԶԻԱ ԵՄ ՈՒԶՈՒՄ

Ես բանաստեղծություն եմ ուզում գրել
Ես ուզում եմ բանաստեղծություն անել
Հենց հիմա
Շատ եմ ուզում
Շատ

Էնքան շատ եմ ուզում բանաստեղծություն գրել
Որ բանաստեղծություն գրել ուզենալուց բացի
Ոչ մի բան չեմ ուզում
ՈՉ ՄԻ ԲԱՆ
Անգամ բանաստեղծություն գրել չեմ ուզում
Էսքան տարի ինչ բանաստեղծություն ասես որ չեմ գրել
Բայց ոչ մեկի ժամանակ էսքան չեմ ուզեցել բանաստեղծություն գրել
Ինչքան հիմա

Էնքան
Էնքան եմ ուզում բանաստեղծություն գրել
Ուզում եմ ուզում եմ ուզում եմ
Էնքան ուժեղ եմ ուզում բանաստեղծություն գրել
Որ բանաստեղծություն գրելու անչափ ցանկությունիցս բացի
Խելքս բան չի կտրում

Դրա համար էլ մենակ գրում եմ
Թե ինչքան եմ
Անբավարարելիորեն
Անծայրածիր
Անսանձելիորեն
Անդադար
Մեռնելու չափ
Գազանաբար
Հիվանդագին
Խելակորույս
Հավերժաբար
Պարզապես
Ուզում բանաստեղծություն լինել

Երեքշաբթի, դեկտեմբերի 13, 2005, 16:14:15
Կարեն Ղարսլյան
Լոս Անջելես, Կալիֆորնիա

Հ.Գ. Շապիկին ողջ գրքի պարունակությունն է մեկ էջի վրա: Եթե չկարողանաք ընթերցել այդ կերպ, փորձեք թերթել:

Bookmark the permalink.