Հայերեն ստեղնաշար Մէքի համար

December 30, 2011 in Featured, Կարեն Ղարսլյան

Թվային հայերենին վերաբերող ծրագրերի գերակշիռ մեծամասնությունը նախատեսված է Windows-ի համար: Սակայն այդ ահռելի տարբերությունը սկսում է քիչ-քիչ նվազել:

Macintosh-ն, իհարկե, ունի ստանդարտ հայերեն ստեղնաշար, բայց դրանով սահուն և արագ հայերեն տեքստ հավաքելու համար, մատներին հարկավոր է մանկուց գիմնաստիկայի տալ: Տառերի 1/3-ը հնարավոր է ստանալ որոշ ստեղների համադրության արդյունքում միայն, քանի որ Macintosh-ի չի ցանկացել թվերը և այլ ստեղներ փոխարինել հայկական տառերով:

Ինտերնետը երկար բզբզելուց հետո վերջապես գտնվեց խնդրի լուծումը: «Ukelele» ծրագրի հիման վրա պատրաստել եմ մի ստեղնաշար, որը բավարարում է Windows-ի հայագիր օգտատերերի գերակշիռ մեծամասնության ստեղնաշարային նախասիրությունները` հնչյունային շարվածք (phonetic layout).

Հայերեն հնչյունային ստեղնաշար Մէքի համար

Հայերեն հնչյունային ստեղնաշար Մէքի համար

Դեռ ավելին` ստեղծել եմ նաև մի շարք հարմարություններ, որոնք հուսով եմ օգտակար կլինեն նաև այլ օգտատերերի համար.

ա) Փակագծերը կարելի է դնել առանց լեզուն փոխելու: Սովորություն դարձրեք հետևյալ կոմբինացիան` ⇧⌥8 և 9 (shift+option+8 և 9);

բ) Թվերը կարելի է գրել առանց լեզուն փոխելու: Սովորություն դարձրեք հետևյալ կոմբինացիան` ⌥1, 2, 3 և այլն (option+1, 2, 3 և այլն);

գ) «Ռ» տառը 8 թիվն է, իսկ «Ր» տառը, համապատասխանաբար, «R» տառը: Ցավոք հակառակ դասավորությունն է ամենատարածվածը: Շատերի պես, ինքս էլ սովոր էի այդ անհարմար դասավորությանը, որն անտրամաբանական է` հաշվի առնելով, որ «Ռ» տառն ավելի հազվադեպ է հանդիպում, քան «Ր»-ն: Համաձայնեք, ինչքան քիչ մատները լոճվեն դեպի թվերը, այնքան ավելի քիչ կհոգնեն երկար տեքստեր հավաքելիս: Այդ քարացած սովորությունը ջարդելը մեկ շաբաթ էլ չտևեց:

Թեև աշխատել եմ արագ ու անհոգ դարձնել Մէքի ստեղնաշարի հայերենացումը, այնուամենայնիվ ցանկության դեպքում այս հիանալի ծրագիրը հնարավորություն է տալիս կատարել ցանկացած ստեղնային փոփոխություն: Բոլոր դեպքերում ստեղնաշարը տեղարդելու համար հարկավոր է անել հետևյալ հեշտից-հեշտ քայլերը.

1. Ներբեռնել և տեղադրել Ukelele_2.1.8.dmg (ունիվերսալ երկուական (universal binary), Mac OS X 10.4 և ավելի ուշ թողարկումների համար): Այստեղ կարող եք ստուգել` կա՞ արդյոք ավելի թարմ թողարկում:

2. Ներբեռնել ArmenianMAC խտացված պանակը:

3. Պանակում գտնվող երկու ֆայլերը` ArmenianNewQWERTY.icns և ArmenianNewQWERTY.keylayout, պարզապես տեղադրել Macintosh > Library > Keyboard Layouts պանակում;

4. Որպեսզի համակարգիչը գիտակցի Ձեր կատարած ներմուծումը խորհուրդ է տրվում կա՛մ դուրս գրվել ու կրկին մուտք գործել (log in/out) կա՛մ վերագործակել համակարգիչը (restart);

5. Գնալ Systems Preferences > Language & Text, ապա սեղմել Input Sources tab-ն ու փնտրել հետևյալ անվամբ նորեկին` Armenian-New QWERTY;

6. Ծտել (ծիտիկ/галочка դնել) Armenian-New QWERTY տողը;

7. Մի լեզվից մյուսն անցնել ⌘բացակ (space) կոճակների համադրությամբ:

 Բարով մաշեք: Այս ուղեցույցը գրվել է հենց այս անմաշելի ստեղնաշարով: