Օլիգարխերենի բացատրական բառարան (ՆՈՐ)

(Լրամշակված ԵՐԿՐՈՐԴ հրատարակություն)

Մեկ ազգ, մեկ սանրվածք

Մեկ ազգ, մեկ սանրվածք

Օլիգարխ – (գ.) «Բոլոր մարդիկ հավասար են, բայց ոմանք ավելի հավասար են» արտահայտության  միջի ոմանքն է:

Օլիգառլախ – (գ.) 1. Առավել գործածական է այս բառի ավելի կարճ տարբերակը` օլիգարխ: 2. Ոչ միայն բացարձակ տնտեսական անձեռնմխելիություն ունեցող անձնավորություն, այլև տարածք կամ օբյեկտ: Բառի բաղադրիչ հանդիսացող «գառլախ» եզրույթը թուրքերենից է եկել և նշանակում է` կեղտոտ, անարգված, փչացած: Ըստ Հովհաննես Իշխանյանի բանակերենի արմատական բառարանի` գառլախ տարածքն այն տեղն է, որ ինչ-որ ժամանակ օգտագործվել է որպես պետքերը հոգալու տեղ, որտեղ ծառի տակ միզել են կամ կղել: Այդ տեղերին դիպչողն անարգվում է: Սակայն տնտեսական ոլորտում այն ստացել է փոքր-ինչ այլ նշանակություն: Ինչպես հայկական բանակում գորամասեր կան, ուր գառլախ տարածքները ժապավենով շրջափակում են ու մի հատ էլ ցուցանակ դնում, այդպես հարկայինն է տարանջատում օլիգառլախներին ու նրանց պատկանող օբյեկտները: Օլիգարխներին պատկանող արտոնյալ տնտեսական տարածքներին դիպչողը դաժանորեն անարգվում է օլիգարխի կամ նրա օլիգանդոնների (տես` ստորև) կողմից:

Դիցագարխություն – (գ.) Հայկական նորագույն դիցաբանությունն է: Գերագույն աստվածն է Օլիգագոն, ով համատեղության կարգով նաև Ազգային Օլիմպիական կոմիտեի Աստվածն է: Այլ աստվածներից են Ալյուրի Աստված Լյովը, Բենզինի Աստված Միկան, Լիֆերի ու Սուպերմարկետների Աստված Սամոն, ֆուտբոլի Աստված Ռուբոն, Փայտի Աստված` Փայտյանը, Բանանայուղի աստծվածության տիտղոսն իրար հետ կիսող Քեթրինի Միհրանն ու Գրիշան և այլն:

Օլիգրաալ – (գ.) (ստուգաբանություն` Holy Grail/Святой Грааль) պատգամավորական մանդատը Հայաստանի օլիգարխների համար: Նրանց համար Օլիգրաալը նույնն է, ինչ միջնադարյան ասպետների համար Սուրբ գավաթը: Այդ բաղձալի մասունքի ձեռքբերումը խոստանում է մեղքերի ներում և հավերժական կյանք առնվազն 5 տարով:

Օլիգագո – (գ.) Կենդանիների արքան է (որոշ աղբյուրներում նշվում է նաև որպես Հայերեն Խոսող Կենդանիների Արքա): Տիտղոսն Օլիգագոն իրենով է արել այն բանից հետո, երբ կենդանիների արդեն նախկին արքա առյուծին բռնեց ու փակեց իր կալվածքի վանդակապատ զնդանում:

Օլիֆարխ – (գ.) Հիսուսի նորագույն կերպարանքը` երկար սպասված երկրորդ գալուստից հետո, որը տեղի է ունեցել 1968 թ. օգոստոսի 19-ին Երևանում: Այս անգամ, սակայն, Հիսուս-2-ը եկել է որպես Լիֆերի աստված: Քանի որ դիցագարխությունում սիրո աստված չկա, հունական Էրոս աստծո համարժեքը հայկական դիցագարխությունում Օլիֆարխն է: Հայկական դիցագարխությունում սերը թաբու է, քանի որ համարվում է չմոյության ու թուլության նշան:

Կաթօլիգոս – (գ.) Ամենայն հայոց օլիգարխների պահապան հրեշտակն ու գործընկերն է: Ունի սովորականից երկար կեղծանուն` Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Ամենայն Հայոց Կաթողիկոս:

Օլիգառկա – (գ.) Օլիգարխի երկրորդ կեսն է:

Օլիգոջի – (գ.) Օլիգարխի և օլիգառկայի օլիսեքսի կողմնակի բարդություններից մեկը` նրանց զավակը:

Օլիգանդոն* – (գ.) Օլիգանդոնները օլիգարխների թիկնապահներն են: Ի տարբերություն սովորական թիկնապահների, օլիգանդոններին վարձում են ոչ թե սեփական անվտանգությունը, այլ հասարակության վտանգությունը ապահովելու նպատակով:

Օլիգառսոն* – (գ.) Մարդ արարածներ, ովքեր անձնվիրաբար ծառայում են օլիգարխներին, բոլոր բնագավառներում` սկսած իրենց դղյակների սպասուհիներից, վարորդներից ու վերջացրած տվյալ օլիգարխի օլիգարխուսակցության անդամներով: Ճիշտ ինչպես չինացիներն են առանձնանում շան մսի նկատմամբ իրենց տարօրինակ հակումներով, այդպես օլիգառսոններն են առանձնանում` օլիգարխների հետանցքի նկատմամբ անզուսպ ախորժակով:

Օլիգախկո – (գ.) Օլիգարխների կղկղանքն է, որը, ըստ Եվրոպայում անցկացված անկախ լաբորատոր հետազոտության արդյունքների, շատ ավելի հարուստ է վիտամիններով և սննդարար, քան ՀՀ քաղաքացիների զգալի մասի հանապազօրյա հացը:

Օլիգախտ – (գ.) Վարակիչ հիվանդություն է, որը հատկապես մեծ տարածում ունի Հայաստանաբնակ պատանիների շրջանում: Նրանց կարելի է ճանաչել Կոբզոնի բրենդային սանրվածքի թխումով:

Օլիգյորմամիշ – (գ.) Զարգացած երկրների քաղաքացիները, ովքեր կյանքում օլիգարխ տեսած չկան:

Օլիգար – (գ.) Ժամանակին չբուժված օլիգախտի հետևանք: Օլիգարները սովորաբար դառնում են դիցագարխություն դավանող էակներ` օլիգարխի վկաներ:

Օլիգարխուսակցություն – (գ.) Քաղաքական կուսակցությունների տարատեսակ, որը ստեղծվել է ապահովելու օլիգարխների մուտքը քաղաքական դաշտ` Ազգային ժողով, կառավարություն, դատական իշխանություն և նախագահական նստավայր։ Կարկառուն օրինակներից են «Հաբռգավաճ Հայաստան» օլիգարխուսակցությունը (հայտնի է նաև «Բարգաորոճ, Բարգավաճառ և Բարգավօճառ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ) կեղծանուններով) ու Հայաստանի հանցապետական օլիգարխուսակցությունը (հայտնի է նաև Հայաստանի հանրապղծական, հանրանպիտան և հաբռգապետական կուսակցություն (ՀՀԿ) կեղծանուններով)։ Այս օլիգարխուսակցությունների բոլոր անդամները կա՛մ օլիգառսոններ (օլիգարխի ծառաներ, ոռալեզներ) ու օլիգանդոններ (օլիգարխի թիկնապահներ, պահապաններ) են, կա՛մ գլխաքանակ ապահովելու նպատակով ստիպողաբար գրանցված քաղաքացիներ։ Այս օլիգարխուսակցությունները բացեիբաց ղեկավարվում և ֆինանսավորվում են օլիգարխների կողմից։ Սակայն կան նաև այնպիսի օլիգարխուսակցություններ, որոնց նախագահը ոչ թե օլիգարխ է, այլ օլիգառսոն։ Այդ տեսակ օլիգարխուսակցության վառ օրինակ է «Օյինբազ երկիր» օլիգարխուսակցությունը։

Օլիգարություն (գ.) Խելագարության տեսակ է, երբ սովորական մահկանացուն` օլիգարը, պաշտում է որևէ օլիգարխի` իբրև աստծո: Վերջերս օլիգար է ինքնախտորոշվել Ծաղիկ Ռուբո օլիգարխը` մեկ այլ օլիգարխի` Դոդիգարխի (կամ Խոսող Կենդանիների Արքայի) մասին հայտարարելով. «Նրա արյան մեջ արդեն խոսում է Աստծո գործակիցը, և ես նրան համարում եմ րան որպես երկրի ճակատագրողի տեսակ»: Օլիգարությունը հաճախ է դրսևորվում persons.am կայքում Դոդիգարխ-պադիշախ Գագիկ Ծառուկյանի էջի մեկնաբանությունների տեսքով: Տիպիկ օրինակ. «Ov inch uzuma asi meka es hav****** em, hamozvac em,vor Paron Carukyan@ shat-shat- shat lav marda,yes shat kuzei,vor inq@ im papan liner,vorovhetev inq@ papayaaaaaaaa!!!Yes kcankanai nran namak grel:xndrum em tveq indz nra hascen…Yes sirum em HAyastani amenalav u amenabari mardun`GAgoyin……» (Չնայած մեկնաբանության մեջ առկա բոլոր հիմնավորումներին, կարծիքի հեղինակը, այնուամենայնիվ հավ չէ: Նա հավ դարձել է տվյալ օլիգառլախի պահապան հրեշտակների պատճառով, որոնք իրենց գերագույն աստծուն վատ բառերից պաշտպանելու նպատակով արգելել են «ատել» բառը, ինչի հետևանքով «հավատում եմ»-ը դարձել է «հավ****** եմ»: Այսինքն` հավ ես, եթե հավատում ես):

Օլիգրանտ – (գ.) Օլիգարխի կողմից որևիցե նախաձեռնության հովանավորում: Այդ հովանավորության սահմաններում տրամադրվող/օգտագործվող գումարը:

Օլիգրանտակեր – (գ.) Օլիգարխի կողմից որևիցե նախաձեռնության հովանավորում հայցած և ստացած անձնավորություն: Այդ հովանավորության սահմաններում տրամադրվող/օգտագործվող գումարները ծախսած անձնավորություն:

Օլիգիրք – (գ.) Օլիգարխի հեղինակած գիրք: Այս բառը երկար ժամանակ մնում էր օքսիմորոն, մինչև 2012 թ. հունվարի 1-ը, երբ, ի զարմանս համայն աշխարհի, լույս տեսավ «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն» վերնագրով գիրքը Հայերեն Խոսող Կենդանիների Արքա Օլիգագոյի հեղինակությամբ: Մի շարք օլիգրքերի հեղինակ է նաև Ծաղիկ Ռուբոն:

Օլիգանգրենա* – (գ.) սոցիալ հասարակական փտախտ, որը ախտահարում է էթնիկ նացիոնալիզմի ժառանգական հակվածություն ունեցող հանրությունները:

Օլիգարուն – (գ.) Օլիգարխների ամենասիրած տոնն է, որը նշվում է մարտի 1-ին` սկսած 2008 թվականից: Այն նշվում է նեղ շրջանականերում, սակայն նույն խանդավառությամբ, ինչ մայիսի 9-ը Խորհրդային Միությունում` սկսած 1945 թվականից:

Օլիգռփել – (բ.) Տիրանալ տնտեսական մենաշնորհների; խեղդել մանր ու միջին բիզնեսները; խուսափել հարկերից ու տուրքերից; խուսափել որևէ պատժից: 

Օլիգաղթ – (գ.) Արտագաղթի տեսակ: Տնտեսության մեջ օլգարխական մենաշնորհների պատճառով իրենց փոքր և միջին բիզնեսները փակող և այլ երկրում այն վերաբացելու նպատակով իրենց հայրենիքից հեռացող քաղաքացիների արտագաղթը:

Օլիգարշանք – (գ.) Սա բոլոր այն սովորական մահկանացուների գարշանքն է օլիգարխների նկատմամբ, ովքեր ավելի հավասար են, քան մարդիկ:

Օլիգարշելի – (ած.) Տես` օլիգարշանք

Օլիգյախք – (վերաբերական) «Յախք» բառի տարբերակ: Օլիգարխների նկատմամբ օլիգարշանքի արտահայտման եղանակ:

Օլիգրեֆ – (գ.) Ընտրակաշառք: Օլիգռփված կարողության աննշան հատվածի վերադարձը օրինական տերերին` հասարակ մարդկանց, վերջիններիս ձայնի դիմաց: Ընտրություններից առաջ օլիգարխներն իրենց օլիգառսոնների ու օլիգանդոնների միջոցով հանրապետության ընտրազանգվածին օլիգրեֆ են բաժանում` հույսով, որ նրանց հարիֆացնելով կհասնեն իրենց մուրազին` Օլիգրաալին, որն իրենց թույլ կտա հանգիստ շարունակել անխնա օլիգռփել այդ նույն ժողովրդին ու անպատիժ մնալ հավերժաբար` առնվազն հինգ տարով:

Օլիգատրճանակ – (գ.) ոսկե ատրճանակ, որը նախատեսված է կեղծված ընտրությունների դեմ ընդվզող ժողովրդին լռեցնելու համար: Ունի քամելեոնային հատկություն` քողարկման նպատակով կարող է ընդունել Vitu հեռախոսի տեսք:

Օլիգարխային – (ած.) Օլիգրաալի պարգևած արխայնության բարձրագույն աստիճանը, քանի դեռ քրեաօլիգարխիկ համակարգը հովանավորող ներկա իշխանությունները պետության ղեկին են:

Օլիգարխայիկ – (ած.) Ժողովրդավարական դարձած ապագա Հայաստանում կերտվելիք հասկացություն է, որը բնութագրելու է Հայաստանի պատմության այն անցած-գնացած ժամանակահատվածը, երբ Հայաստանում բնակվում էին անձեռնմխելի հումանոիդներ` օլիգառլախներ:

 

 

 

  • Օլիգանգրենա բառի ու նշանակության հեղինակ` Սէվ
  • Օլիգառսոն բառի հեղինակ` հեթանոս
  • Օլիգանդոն բառի հեղինակ` Կարեն Անտաշյան
  • Օլիգռփող բառի հեղինակ` Վանեցի

 

 

About Կարեն Ղարսլյան

Կարեն Ղասլյան — գրող, գրականագետ, երաժիշտ, նկարիչ, բլոգեր: «X կադր/վայրկյան» (2003) և «Գրողի ծոցը» (2010) գրքերի հեղինակ: Վերջինս վաճառվում է երևանյան «Արթբրիջ», «Նոյան Տապան», «The Club», «Բուրժուա» և գլենդելյան «Abril» գրախանութներում: Կայքը` www.karenkarslyan.com Առավել մանրամասն տեղեկությունների համար, այցելեք www.karenkarslyan.com
Tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink.