Ո՞Վ Է ՍԻՐՈՒՄ ԱՐՇԻԼ ԳՈՐԿԻ

Central Park at Dusk by Arshile Gorky

Central Park at Dusk by Arshile Gorky

Արշիլ Գորկին հայկական ընտանիքի էն եզակի անառակ որդիներից է, որը չի վերադառնում տուն… համենայնդեպս կամավոր: Արշիլ Գորկու եզակի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսն էր Լոս Անջելեսի ժամանակակից արվեստի թանգարանում (MOCA): Կիրակի օրը գնացի Անուշի հետ: Հայերի հոծ բազմություն էր հավաքվել, քանի որ այդ օրը նշանավորվել էր նաև դասախոսությամբ, որից ուշացել էինք: Մի երկու ծանոթ հենց մուտքի մոտ արդեն հավաստիացրին, որ բան չենք կորցրել. Ռիչարդ Հովհաննիսյանը առիթը բաց չէր թողել ևս մեկ անգամ հայոց ցեղասպանության մասին ծավալուն դասախոսություն կարդալ: Դա անառակ որդուն տուն վերադարձնելու միթական հոր հերթական փորձն էր:

Դասախոսությունից հետո հայ ժողովուրդը ցրվել էր թանգարանի ցուցասրահներով մեկ ու փորձում էր վայելել Արշիլ Գորկու խրթին ժառանգությունը: Ծանր տեսարան էր: Հայերն իրարից թաքուն իրենք իրենց ստիպում էին հավանել աբստրակտ էքսպրեսիոնիզմը, ապա ժամանակ առ ժամանակ թաքուն ակնթարթորեն նայում հայրենակիցներին, որ տեսնեն, թե ում մոտ ինչպես է դա ստացվում, ապա նորից լծվում Գորկու աշխատանքները հավանելու ծանր գործին: Մի քանի անգամ արդեն տեսած լինելով Արշիլ Գորկու որոշ աշխատանքների օիրիգինալներն ու առանձնապես գերված չլինելով նրա արվեստով (բացի հատկապես իր ու իր մոր լուսանկարը վերարտադրած կտավից ու «Կենտրոնական այգին աղջամուղջին»)՝ ես նախընտրեցի զանազանություն մտցնել իմ դիտային փորձառության մեջ. Արշիլ Գորկու ստեղծագործությունները նայել հայ հանդիսատեսի ֆոնին: Շատ աղետալի տեսարան էր հատկապես իմ պես մեկի համար, ում մոտ կարեկցանքը սուր է արտահայտված: Ահա մի բուռ հայ ժողովուրդ՝ բաղկացած ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդկանցից, զոհել է իր թանկագին ժամանակը, եկել, հասել թանգարան ու իր սրբազան պարտքն է համարում զոռով հավանել աբստրակտ էքսպրեսիոնիզմի մի ներկայացուցչի կտավները: Միայն այն պատճառով որ այդ ներկայացուցիչը որոշ հանգամանքների բերումով ու ժամանակին դրանից բխած բոլոր ողբերգական հետևանքներով ազգությամբ հայ է եղել:

Այդ հավանելու գործընթացը մազոխիստական ծես էր: Ցուցասրահը բերնեբերան լցված ամբոխի զգալի մասը ընդհանուր առմամբ թքած ուներ արվեստի վրա, ում տանը, հավանաբար, սպասում է Մասիս սարի վերնիսաժյան մի վերարտադրություն կամ մեկ այլ ազգային խորհրդանիշի արվեստականացված կոթող, իսկ այդ ամենի մեջ Գորկու տարօրինակ վրձնահարվածները չեն տեղավորվում: Համենայնդեպս ես նրանց չէի տեսել, ասենք, նույն թանգարանում մի երեք տարի առաջ տեղի ունեցած թերևս ավելի «մարդամոտ» Ռաուշենբերգի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսի ժամանակ:

Մի պահ կանգնեցի ցուցասրահի մի եզրում ու աշխատելով շատ ուշադրություն չգրավել, դիրքավորվեցի այն արանքում, որը սովորաբար գոյանում է դիտողի ու կտավի միջև ու լուսանկարչական հայացք նետեցի. այսինքն` նայեմ մի ակնթարթ, բայց պատկերը մտապահելու նպատակով: 30-40 պրոֆիլ, որոնք ինձ պատկերացան որպես կատաղած փիթբուլների մռութներ, որոնց տերը սաստել է հանկարծ չկծել հարգարժան հյուրին, դեռ ավելին՝ հրամայել է սիրել ու հնազանդվել: Այս դեպքում տերը համաշխարհային համբավն է:

Ահա, այս հարգարժարան ծերունին՝ կոկիկ հագնված, պատկառելի, չափած-ձևած շարժումներով, կանգնել է Գորկու Սոչիի այգիներից մեկի դիմաց ու փորձում կենտրոնացնել կտավի վրայից անընդհատ շեղվող իր բիբերը: Այնպիսի տպավորություն էր, որ կարծես իր ու կտավի միջև մի մլակ կա, որի թռիչքի անկանոն հետագիծը անընդհատ շեղում է նրա ուշադրությունը: Ահա մի կին, որը ձանձրույթով նայում է, թե ինչպես է իր ամուսինը ջանք թափում հետաքրքրված ձևանալ՝ Գորկու աէրոդինամիկ կաղապարների շարքի նկարների դիմաց կանգնած: Իսկ էս շատ սիրուն հագնված աղջիկը էնքան երկար նայեց խորաթափանց հայացքով «Մղձավանջ» կտավին, որ վերջապես ամուր կազմվածքով մի երիտասարդ առիթից օգտվեց, մոտեցավ ու անկեղծացավ. «Կօգնե՞ք ինձ հավանել Գորկու կտավները»: Ես էլ չլսեցի, թե ինչպես շարունակվեց զրույցը, բայց որոշ ժամանակ անց նրանց միասին տեսա մեկ ուրիշ ցուցասրահում մեկ այլ կտավի առաջ կանգնած ընդհանուր ծանոթներ վերհիշելիս:

Անձամբ ես աբստրակտ էքսպրեսիոնիզմ կնքված արվեստի որոշ գործեր շատ եմ հավանում: Մասնավորապես Փոլաքի կտավներն եմ հավանում: Գորկուց էլ, ինչպես նշեցի վերը, հատուկենտ գործեր, (ի դեպ վառ կարմրանարնջագույն «Կենտրոնական այգին աղջամուղջի ժամանակ» նկարը փորձելու եմ վերարտադրել կտավի վրա էս շաբաթվա վերջում, որ կախեմ մեր կապույտ ննջասենյակում): Մենակ թե ինքը աբստրակտ էքսպրեսիոնիզմն ինձ էնքան էլ չի հավանում, քանի որ չեմ կարողանում հարգել աբստրակցիոնիզմի բուն էությունը՝ ֆանատիկորեն ամեն մի կետում ու գծում անխոնջ իմաստ, նշանակություն ու խորհրդանիշ փնտրելով:

Add to FacebookAdd to DiggAdd to Del.icio.usAdd to StumbleuponAdd to RedditAdd to BlinklistAdd to TwitterAdd to TechnoratiAdd to Yahoo BuzzAdd to Newsvine

Tagged , , . Bookmark the permalink.