Հայաստանի նախարարությունների աննախանձելի կայքավիճակը

ՀՀ նախարարությունների կայքագլխարկները

ՀՀ նախարարությունների կայքագլխարկները

ՀՀ նախարարությունների կայքերի դոմեյնների ընտրությունը ենթադրում է անհետևողականություն և անսկզբունքայնություն: Լինելով մեկ մարմնի` ՀՀ կառավարության համամակարդակ բաղադրիչներ, նախարարություններն իրենց դոմեյնների ընտրության պարագայում պետք է որ ղեկավարվեին միաձևաչափության սկզբունքով: Սակայն գործնականում պատկերն այլ է:

Եթե կա մեկ քիչ թե շատ պահպանվող ընդհանրություն, ապա դա լեզվի ընտրությունն է` անգլերեն: ՀՀ նախարարությունների խայտաբղետ դոմեյնների հիմքում ընկած են նախարարությունների անգլերեն թարգմանությունները: Իսկ ինչ վերաբերում է դոմեյնների կառուցվածքին, ապա ՀՀ 18 նախարարությունների կայքերի դոմեյնների համար հիմք են ծառայել 8 ձևաչափեր (ստորև ներկայացված են սեփական նախաձեռնությամբ, որևէ կազմակերպության կողմից չֆինանսավորված և շահույթ չհետապնդող իմ մոնիթորինգի արդյունքները).

ԴՈՄԵՅՆՆԵՐ

ՁԵՎԱՉԱՓ 1. Նախարարության ողջ անվան տառային հապավում (2);
moj.am, moh.am
Այս նախարարությունների պարագայում հապավվել է նաև անգլերեն տարբերակում առկա և սովորաբար արհամարհվող of մասնիկը` Ministry Of Justice, Ministry Of Health

ՁԵՎԱՉԱՓ 2. Նախարարության անվան մասնակի տառային հապավում (5);
mes.am, mfa.am, mnp.am, mtc.am, mud.am
Այս նախարարությունների հապավման ժամանակ անգլերեն of մասնիկը արհամարհվել է: Երկրորդ մակարդակի դոմեյնների (այսուհետ` ԵՄԴ, այսինքն` SLD – second-level domain) հապավման այս տարբերակում of մասնիկն արհամարհվել է թերևս այն պատճառով, որ եռատառ դոմեյնն ավելի նախընտրելի է, քան քառատառը:

ՁԵՎԱՉԱՓ 3. նախարարության անվանը չհամապատասխանող տառային հապավում (2);
mss.am, msy.am
Այս նախարարությունների հապավումը չի համապատասխանում տվյալ նախարարության անվանը: Ամենայն հավանականությամբ mss հապավումը ենթադրում է Ministry of Social Security, սակայն նախարարության անվան պաշտոնական անգլերեն տարբերակն է Ministry of Labor and Social Affairs: Մյուսը` msy.am, ենթադրում է Ministry of Sport and Youth, մինչդեռ լրիվ անվանումն է Ministry of Sport and Youth Affairs: Այսինքն` վերջին բառը դուրս է մնացել հապավումից: (Օգտվելով առիթից նշեմ, որ ավելի ճիշտ կլիներ Sports ձևը):

ՁԵՎԱՉԱՓ 4. նախարարության ողջ կամ մասնակի անվան վանկային հապավում (2);
minfin.am, mincult.am
Ministry of Finance, Ministry of Culture

ՁԵՎԱՉԱՓ 5. Նախարարության ողջ անվան սխալ վանկային հապավում (1);
minagro.am
Եթե նախարարության դոմեյնի համար հիմք է ընդունվում անգլերենը, ապա տվյալ ձևաչափը ենթադրում է agri ձևը:

ՁԵՎԱՉԱՓ 6. Նախարարության անվան միայն մեկ բառի վանկային հապավում (2);
mil.am, edu.am
Այս երկու ԵՄԴ-ներից ամերիկյան կառավարական ու կրթական կայքերի հոտն է բուրում: Բանն այն է, որ mil-ը ԱՄՆ պաշտպանության նախարարության ոլորտին վերաբերող կայքերի համար ամրագրված հովանավորյալ բարձրագույն մակարդակի դոմեյնն է (այսուհետ` հԲՄԴ, այսինքն` sTLD – sponsored top-level domain): Օրինակ` ԱՄՆ օդուժի կայքն է www.af.mil:

Ինչ վերաբերում է edu-ին, ապա այն ԱՄՆ-ում հավատարմագրված ուսումնական հաստատությունների հԲՄԴ-ն է (օրինակ` www.ucla.edu): Բացի ամերիկյան հոտերից, Հայաստանում ԵՄԴ-ի կարգավիճակով օգտագործված edu-ն մասամբ է արտահայտում տվյալ նախարարության կոչումը, քանի որ այն ոչ միայն կրթության, այլև գիտության նախարարություն է:

ՁԵՎԱՉԱՓ 7. նախարարության անվան բաղադրիչներից մեկի վանկային հապավում մյուսի լրիվ գրություն (3);
mineconomy, mindiaspora.am, minenergy.am
Ministry of Economy, Ministry of Diaspora, Ministry of Energy and Natural Resources. (Վերջինիս դեպքում, ի տարբերություն մյուս երկուսի, մասամբ է արտահայտում նախարարության ոլորտը. դուրս են մնացել բնական պաշարները):

ՁԵՎԱՉԱՓ 8. նախարարության ողջ անվան տառային հապավումը և gov երկրորդ մակարդակի դոմեյնի կցում (1);
mta.gov.am:

ԷԼ. ՀԱՍՑԵՆԵՐ

Անհետևողականությունից բացի նաև բոցերով են աչքի ընկնում ՀՀ կառավարության կայքի այն բաժինները, որտեղ տեղադրված են նախարարությունների մասին տարրական տեղեկություններ: Խոսքը, մասնավորապես, նախարարությունների հետ կապվելու համար տրամադրված էլ. հասցեների մասին է (դրանք երբեմն տարբերվում են բուն նախարարության կայքում ներկայացված էլ. հասցեներից): Հաշվել եմ նախարարական էլ. հասցեների 3 ստանդարտ և 6 անկրկնելի ու բոցոտ ձևաչափեր (խոսքը գլխավորապես էլ. հասցեում @ նշանից առաջ գտնվող հատվածի մասին է).

ՁԵՎԱՉԱՓ 1. Ամենատարածվածը, 6 նախարարության մասնակցությամբ, info օգտանունն է (info@moh.am): Այս ձևաչափով կազմված` արտաքին նախարարության էլ. հասցեն հղում է այլևս լքված կայքի դոմեյնին` info@armeniaforeignministry.com:

ՁԵՎԱՉԱՓ 2. 5 նախարարություն իր կայքի դոմեյնը գործածել է իբրև օգտանուն` (օրինակ` msy@msy.am): Այս ձևաչափում ևս կա սխալմունք կազմված` արտակարգ իրավիճակների նախարարության էլ. հասցեն անհասկանալի է շնիկից հետո ընկած հատվածում` mes@ema.am:

ՁԵՎԱՉԱՓ 3. Մնացած 7 նախարարություններն էլ. հասցեի միջոցով դրսևորել են աննմանություն.
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն` agro@minagro.am
ՀՀ պաշտպանության նախարարություն` modpress@mil.am և press@mil.am
ՀՀ սփյուռքի նախարարություն` ministry@mindiaspora.am
ՀՀ ֆինանսների նախարարություն` press@minfin.am

Իսկ որոշ նախարարությունների էլ. հասցեները տեղով բոց են.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` hasmik.khachatryan@mss.am
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն` secretariat@mineconomy.am
ՀՀ բնապահպանության նախարարություն` interdpt@rambler.ru

ՖԱՎԻԿՈՆՆԵՐ ԵՎ ՏԱՐԲԵՐԱՆՇԱՆՆԵՐ

Եվ ՀՀ նախարարությունների կայքավիճակի ուսումնասիրության առաջին մասի ավարտին` ևս մի քանի վիճակագրական տվյալներ: Տասնութ նախարարություններից տարբերանշան ունեն միայն չորսը` 1. աշխատանքի և սոցիալական հարցերի, 2. արտակարգ իրավիճակների, 3. պաշտպանության և 4. բնապահպանության նախարարությունները: Վերջինիս կայքն ի տարբերություն նախորդ երեքինների ֆավիկոն չունի: 18 նախարարությունների կայքերից միայն 8-ն ունեն ֆավիկոններ, որոնցից երեքինում սեփական խորհրդանիշն է պատկերված, մնացած հինգինում` ՀՀ զինանշանը (տարածքային կառավարման, արտաքին գործերի, էկոնոմիկայի և սփյուռքի նախարարությունները):

Bookmark the permalink.